• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ Լիբանանում

25 ապրիլի, 2012

Ապրիլի 22-ի երեկոյան Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Հսկումի երեկո” Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև: Միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորնեը, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի և պարախմբերի կատարմամբ:   

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ և  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված և որբանոցում մահացած  հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահեն Մեղրյան» մասնաճյուղի քարոզչական հանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ» եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման երեկո:

Նույն օրը Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Ճանաչումից հատուցում – հետևողական, կազմակերպված և հավաքական կամքով» աշակերտական ոգեկոչման երեկո: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտի բացումը:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը կազմակերպել էր երաժշտական երեկո: Ելույթ է ունեցել Աթենքի ակադեմիայի «Eleni Myconiou» մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլյանը:

Ապրիլի 21-ի երեկոյան ՀԲԸՄ-ի Կրթական հանձնախմբի հովանավորությամբ ՀԲԸ Միության վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փյունիկի Սլացք» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-ամյակին:

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի,  քաղաքական կուսակցությունների և ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց  դեպի Թուրքիայի դեսպանատուն:  Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում տեղի է ունեցալ Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը մատուցվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից: Այնուհետև պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ զետեղվել են  ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը: Հոդվածում հղումներ են կատարվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին:

ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից և համարվի ցեղասպանության շարունակություն: Նա ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:

Հարցազրույցում դեսպանը անդրադարձ է կատարել նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, երկքաղաքացիության խնդրին, ՀՀ կառավարության նվիրատվությանը լիբանանյան 120 դպրոցներին՝ լաբորատոր սարքավորումների տեսքով, լիբանահայության առանցքային դերակատարությանը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հիմնահարցում, համաձայն որի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես` ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվել էր Հայոց  ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին և հուշամատյանում իրենց գրառումները թողեցին  Լիբանանի ԱԳ և տարբեր նախարարությունների պաշտոնյաներ, ԱԺ նախագահի ներկայացուցիչը,  պատգամավորներ, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև ազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների  ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ: 

Հայ ժողովրդին իր կարեկցանքն էր փոխանցել Լիբանանի նախագահ, գեներալ  Միշել Սլեյմանը: Ստացվել էին նամակներ խորհրդարանի անդամներից և քաղաքական գործիչներից:  Ցուցադրվել էին ժապավեններ Հայոց ցեղասպանության և Հայաստանի մասին: Այցելուների ուշադրությանը ներկայացվեց գրականություն, նկարների և քանդակների  ցուցահանդես:

Այս օրերին Լիբանանյան մամուլը մանրամասնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, դեպի Թուրքիայի դեսպանատուն կազմակերպված   քայլարշավ – ցույցին, որին մասնակցել են 25 000 ցուցարարներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: