• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանան

26 նոյեմբերի, 2012

 Նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Լիբանանում:

Նոյեմբերի 26-ին Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեցին նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը Նախագահական այգում ծառ է տնկել՝ ի նշան Հայաստանի և Լիբանանի բարեկամության:

Լիբանանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՀ նախագահ Միշել Սլեյմանը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Անցյալ տարի` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պատիվ ունեցանք Հայաստանում հյուրընկալելու Լիբանանի Նախագահին: Այս տարի կայանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Լիբանան, և այս այցելությունների պարբերականությունը խոսում է այն մասին, որ մեր միջև հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, որ մենք ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, և այդ հարաբերությունները նաև զարգացնելու ցանկություն:
Քիչ առաջ Նախագահ Սուլեյմանի հետ մենք արդյունավետ բանակցություններ ունեցանք. քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարևելյան և հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձևավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան ևս երկուսը:
Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ:
Նախագահ Սուլեյմանին ներկայացրեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում: Հայաստանն էլ իր դիրքորոշումները ձևավորելիս` հաշվի է առնում համաարաբական և մասնավորապես` Լիբանանի շահերը:
Խիստ մտահոգված ենք Սիրիայում տիրող իրավիճակով դի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունել է հարյուր հազարավոր հայերի, և Սիրիայի ցավը` մեր ցավն է:
Հայաստանը մշտապես հանդես է եկել արյունահեղության դադարեցման դիրքերից: Մենք դեմ ենք ուժի և բռնությունների կիրառմանը՝ և ոչ միայն Սիրիայում: Անհնար է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը: Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաքելությունը՝ սիրիական ներքաղաքական իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման ուղղությամբ:
Լիահույս ենք, որ վերոհիշյալ նախաձեռնությունների կյանքի կոչման արդյունքում Սիրիայում կհաստատվի խաղաղություն, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել այն անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքն ու իղձերը:
Անդրադարձանք նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Վերահաստատեցի, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է վարել խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված քաղաքականություն: Մենք բացառում ենք խնդրի լուծման ուժային տարբերակը և հավատարիմ ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ հարցը բանակցային ճանապարհով լուծելու մեր հանձնառությանը: Ցավոք, հարևան Ադրբեջանն անտեսում է ՄԽ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը և իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի: Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին: Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ:
Հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: Այսօր էլ պարոն Սլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը և շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը: Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ և պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին:
Որպես վերջաբան մաղթում եմ, որ մեր եղբայրական ժողովուրդների պատմական ընթացքը լինի անընդհատ և վերընթաց: Թող մեզ միշտ ուղեկից լինեն խաղաղությունը, արդարությունն ու լավատեսությունը:


Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սւլեյմանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:
Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:
«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:
Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:
Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: