• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում Լիբանանում

07 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 7-ին Բեյրութի Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի «Գալուստ Գյուլբեկյան» հանդիսությունների սրահում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ տեղի է ունեցել նորվեգացի ականավոր բեւեռախույզ, գիտնական, հումանիստ, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ` Նորվեգիայի Թագավորության դեսպանության համագործակցությամբ:

Երեկոյին ներկա էին Լիբանանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները, պատգամավորներ Արթուր Նազարյանը, Շանթ Չինչինյանը, Ժան Օղասափյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Գաբրիելե Քաչիան, Բեյրութում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լիբանանահայ համայնքի անդամներ, մտավորականներ, լրագրողներ, հոգեւոր հայրեր:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Նորվեգիայի Թագավորության դեսպան Սվեյն Ասը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա‑ը:

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի մասնագիտական եւ մարդկային հատկանիշները, նրա նվիրումը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց «Նանսենյան անձնագրեր» տրամադրելու, մարդասիրական օժանդակություն ապահովելու, միջազգային հանրությանը հայ ժողովրդի տառապանքներն ու ցավը ներկայացնելու գործում: Դեսպան Քոչարյանը նշել է, որ հայ ժողովրդի անգնահատելի բարեկամ եւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը իր ապրած կյանքով ապացուցել է, որ ամենակարեւորը մարդ լինելու մասնագիտությունն է: Մարդասիրական հսկայածավալ գործունեության համար հարյուր հազարավոր մարդիկ խոնարհվել են  նրա առաջ: Նա սեփական աչքերով տեսել է հայի ցավը, վերապրել բոլոր տանջանքները, որից հետո ծնվել են նրա խոսուն եւ փաստացի իրողությունների վրա հիմնված գիրք-վավերագրերը` «Խաբված ժողովուրդ»-ը, «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը»: «Նանսենյան անձնագրերի» շնորհիվ Եղեռնից փրկված 320 հազար հայեր հիմնել են նոր օջախներ աշխարհի 52 երկրներում: Նշվել է, որ Հայաստանում Նանսենի անունն են կրում համալսարանական լսարաններ, թանգարաններ, փողոցներ, զբոսայգիներ, որ  դեռ 1989թ. Նորվեգական Կարմիր Խաչի կողմից Սպիտակում կառուցվել է հիվանդանոց, որի բացմանը ներկա է եղել Ֆ. Նանսենի թոռը՝ աշխարհահռչակ ճարտարապետ Էյգել Նանսենը:

Ավարտելով իր խոսքը` ՀՀ դեսպանը ընդգծել է, որ շնորհակալ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կմնա մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, նրա հայ ժողովրդի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի եւ ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Նորվեգիայի դեսպան Սվեյն Ասը ներկայացրել է մանրամասներ Նանսենի հարուստ կենսագրությունից: Նա շեշտել է հայ ժողովրդի հանդեպ Նանսենի հատուկ վերաբերմունքի հանգամանքը, հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների փաստը, որի անկյունաքարը համարվում է Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին Նորվեգիայի ԱԳ նախարարին Հայաստան հրավիրելու համար` Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը իր ելույթում բարձր է գնահատել Ֆրիտյոֆ Նանսենի դերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նա նշել է, որ Նանսենը առաջիններից էր, ով բարձրաձայնել է հայ ժողովրդի ողբերգությունը, դատապարտել հայ ժողովրդի հանդեպ թուրքերի գործած ոճրագործությունները եւ  անարգանքի սյունին գամել եվրոպական երկրների անտարբերությունը հայ ժողովրդի տառապանքների հանդեպ: Վեհափառ Արամ Ա իր ելույթը եզրափակել է` մեջբերելով Նանսենի խոսքերը, որ «հայ ժողովուրդը երբեք չի կորցնում իր հույսը, նա ինքնավստահ լծվում է գործի եւ սպասում տարեց տարի…»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: