Լուրեր

Հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

06.12.2016

Կից լուսանկարներ

Զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

Զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. նոյեմբերի 28-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:
Մինչ արարողության սկիզբը, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի նոր հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության, ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ կարողությունների ստեղծման և Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններում Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցերը:
Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 4-րդ զորախումբը՝ հրամանատար, մայոր Տիգրան Սահակյան, լիազորությունները փոխանցեց Լիբանան ժամանած 5-րդ զորախմբին, հրամանատար՝ կապիտան Կարեն Աթոյան: Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոն և հայ խաղաղապահների 4-րդ զորախմբի հրամանատար՝ մայոր Տիգրան Սահակյանը:
«Արևմտյան Հատված» կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոն շնորհակալության հայտնեց հայ խաղաղապահներին՝ բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, գնահատանքով խոսեց նրանց կարգապահության և ծառայողական հմտությունների մասին:
Բրիգադի գեներալը շնորհավորեց տուն վերադարձող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթեց պարտականությունները ստանձնող նոր զորախմբին: Պաշտոնական հանդիսությունը եզրափակվեց հայ խաղաղապահների 4-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ: ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և գեներալ Ուգո Չիլլոն ՄԱԿ-ի հատուկ մեդալներ հանձնեցին հայ զինվորներին` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին զինավանի սպայական անձնակազմը, ՀՀ դեսպանատան անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչներ, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր