Լուրեր

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում

21.09.2016

Կից լուսանկարներ

ՀՀ անկախության 25-ամյակի նշում

ՀՀ անկախության 25-ամյակի նշում

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 21-ին Բեյրութի «Փյունիկիա» հյուրանոցի «Բիբլոս» մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի վարչապետի ներկայացուցիչ, աշխատանքի նախարար Սեժան Ազզին, խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Բասսեմ Ալ Շաբը, Լիբանանի կառավարության և խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, հայ համայնքի կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց դարեր շարունակ անկախության նվիրական ձգտումով պայքար մղած և 25 տարի առաջ իր անկախ պետականությունը վերակերտած հայ ժողովրդի անցած դժվարին ուղին և անկախությունից հետո արձանագրված ձեռքբերումները՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը, տնտեսության վերականգնմանը և միջազգային հարթակում վստահելի գործընկերոջ կերպարի կերտմանը: Դեսպանը խոսեց անկախ Հայաստանի կողմից դիմագրավված մարտահրավերների մասին, ներկայացրեց նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Հայ-լիբանանյան բարեկամության համատեքստում՝ ՀՀ դեսպանը հատուկ ընդգծեց Լիբանանի և լիբանանցի ժողովրդի՝ հայության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը՝ նշելով, որ Լիբանանն այն բացառիկ երկրներից է, որ մեկ դար առաջ հյուրընկալեց ցեղասպանությունից փրկված հայության բեկորներին՝ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելով ոչ միայն լիբանանյան հասարակությանը ինտեգրվելու, այլև ազգային ինքնությունն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու համար: Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն հայտնեց Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին՝ մաղթելով մարտահրավերների և խնդիրների շուտափույթ և խաղաղ լուծում:
Ընդունելության ընթացքում հնչեցին հայկական երգերի կատարումներ, ներկայացվեցին հայ գեղանկարիչների ստեղծագործություններ:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր