Լուրեր

Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը նվիրված ընդունելություն ՀՀ դեսպանատանը

12.05.2011

Կից լուսանկարներ

ԼԱՖԱ

ԼԱՖԱ241210

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն նվիրված Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադրմանը:

Բացման խոսքով հանդես եկավ  Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա անդրադարձավ  հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, Հայաստանում բիզնես անելու գրավչության և ներդրումային քաղաքականության հիմնական սկզբունքներին, հայ համայնքի կարևոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ նորաստեղծ կառույցը` շնորհիվ  ասոցիացիայի նախագահ, հայտնի գործարար Պիեռ Ֆատուշի և հիմնադիր անդամների նվիրվածության և ջանքերի մեծապես կնպաստի հայ-լիբանանյան հարաբերությունների ակտիվացմանը հատկապես առևտրատնտեսական, զբոսաշրջության, ներդրումների խրախուսման ուղղություններով: Նա կարևորեց այն հանգամանքը, որ նորաստեղծ ասոցիացիայի անդամներն են ոչ միայն լիբանանահայ գործարարները, այլև Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած  «Բիբլոս» և «Քրեդիտ» բանկերի պաշտոնյաներն ու անհատ ձեռներեցները:  Հույս հայտնվեց նաև, որ Լիբանանում ստեղծված երկու կառույցները` Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիան և Հայ գործարարների միությունը,  հետագայում սերտ համագործակցություն կծավալեն  հանուն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հաջող իրականացմանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատի նախագահ, նաև ասոցիացիայի հիմնադիր անդամ Մոհամմեդ Շքեյրը: Նա ողջունեց ասոցիացիայի ստեղծումը, նշեց հայ համայնքի կարևոր դերը Լիբանանի սոցիալտնտեսական զարգացման գործում, հավաստիացրեց, որ  առևտրատնտեսական և գյուղատնտեսության պալատը պատրաստ է  աջակցելու ասոցիացիային բոլոր հարցերում:     

Ասոցիացիայի նախագահ Պիեռ Ֆատտուշը իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի և Լիբանանի ավանդական ջերմ հարաբերությունները,  աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի աշխատասիրությունն ու նվիրվածությունը, իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանում ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության և աջակցության համար: Նա համոզմումք հայտնեց, որ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի գործունեությունը կարդարացնի սպասելիքները և կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն  ու ընդլայնմանը առևտրատնտեսկան, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:       

Միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, պաշտոնյաներ Լիբանանի կառավարությունից, ԱԳՆ-ից, քաղաքական կուսակցությունների և հայ համայնքի տարբեր ազգային կառույցների  ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հյուրեր Զահլեից և հայաբնակ Անճարից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր