Իրադարձություններ

«Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ»

07.12.2016

Կից լուսանկարներ

Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ

Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Բեյրութի Հաճն թաղամասի Սուրբ Հարություն եկեղեցու «Հովհաննես և Վարդուհի Բչաքճյան» սրահում տեղի ունեցավ «Արարատ» օրաթերթի ընթերցողների համար կազմակերպված հանդիպում, որի ընթացքում «Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա էին պետական երեսփոխան Սեպուհ Գալփակյանը, ՍԴՀԿ Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ դոկտ. Մարտիկ Ժամկոչյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը, ՍԴՀԿ անդամներ և այլք:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Դեսպանն անդրադարձավ «հայկական աշխարհ» եզրույթին, ընդգծեց, որ ներկայումս Հայոց պետականության և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած արտաքին և ներքին բազում մարտահրավերները պահանջում են նոր որակ և բովանդակություն հաղորդել հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք֊Արցախ գործակցությանը՝ հենվելով մարդկային, մշակութային և սոցիալական ներուժի և մրցունակության կռվանների վրա:
Դեսպան Մկրտչյանը նշեց նաև, որ Հայաստանն ու Հայկական սփյուռքը սնվում են ընդհանուր պատմա-մշակութային արմատներից և հզոր են մեկը մյուսով՝ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմնախնդիրները՝ Հայաստանինը:
Դեսպան Մկրտչյանը փաստեց, որ դարեր շարունակ Հայաստանն եղել և մնում է համայն հայության երազանքների հանգրվանը: «Հայկական անկախ պետականությունը, նրա անվտանգության ապահովման, քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր հզորացման հրամայականն այն առանցքն է, որի շուրջ 25-ամյա Հայաստանի Հանրապետությունը համախմբելու է աշխարհասփյուռ հայ ժողովրդին, հայկական գաղթօջախների կյանքն ու գործունեությունը: Միևնույն ժամանակ հայկական սփյուռքի մշակութային, կրթական, հոգևոր, քաղաքական և գաղափարական բազմազանությունը համայն հայության անսպառ ներուժն է: Հայաստան-Սփյուռք գործակցության նպատակը պատմական հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի, իրավունքների լիարժեք պաշտպանությունն է»- եզրափակեց Ս. Մկրտչյանը։


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր