Իրադարձություններ

«Անլռելի, անկրկնելի Պարույր Սևակը»

22.10.2016

Կից լուսանկարներ

Պարույր Սևակի մահվան 45-ամյակին նվիրված հուշ երեկո

Պարույր Սևակի մահվան 45-ամյակին նվիրված հուշ երեկո

 

Ամբողջ ալբոմ »

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Հայ կաթողիկէ համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանի հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի նախագահությամբ Հայ կաթողիկէ համալսարանականների միության կազմակերպմամբ Մեսրոպյան վարժարանի «Ֆարաճյան» սրահում տեղի ունեցավ հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 45-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո` «Անլռելի, անկրկնելի Պարույր Սևակը» խորագրով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արամ Գարատաղլյանը, ով հայտնեց, որ հայ երիտասարդության մեջ հայկական հոգևոր, գրական, մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը վառ պահելու մղումով, ՀԿՀՄ-ը ծրագրել է ներկայացնել անգերազանցելի Պարույր Սևակին, ում ժառանգությունն է բոլոր սերունդներին ուղղված «Անլռելի զանգակատուն»-ը, որի ղողանջները մշտահունչ հրավերներ են ի հավատարմություն հայ մեծագույն արժեքներին:
Այնուհետև, ելույթ ունեցավ Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովրդի կյանքում կան այնպիսի երևույթներ, որոնք, բարեբախտաբար և ի հպարտություն մեզ, անանցանելի են: Այդպիսի երևույթներից է Պարույր Սևակը, ով լինելով մեծ ու տաղանդավոր բանաստեղծ, գրականագետ, եղել է նաև մեծ քաղաքացի՝ դժվարին ժամանակաշրջանում իր գեղարվեստական ժառանգության մեջ ամփոփելով նաև քաղաքացիական քննախույզ դիրքորոշում և կեցվածք: Այդ առումով նա հատկապես կարևորեց “Մարդը ափի մեջ” ժողովածուն:
Դեսպան Մկրտչյանը կարևորեց ձեռնարկի կազմակերպումը, քանի որ այն ևս մեկ անգամ առիթ է ստեղծում առնչվելու և շփվելու Պարույր Սևակի խոհերի, մտորումների և հույզերի հետ:
Լեզվագետ, հրապարակագիր Պարույր Աղպաշյանը նկատեց, որ հայ գրականության մեջ բացառիկ և անկրկնելի տեղ ունի մեծատաղանդ ու մեծահռչակ Պարույր Սևակը, ով իր խորաթափանց մտքերով, ազգային երանգներով, նահապետական արմատներով, համամարդկային հրամայականներով, քնարերգական բազմաշնորհությամբ և չարենցյան ոգով ժամանակի շունչն է դարձել:
Բանասիրական գիտությունների թեկնածու, Պարույր Սևակի թոռ Սևակ Ղազարյանը հանգամանալից ներկայացրեց բանաստեղծի արխիվի հավաքման և ուսումնասիրության վերաբերյալ մանրամասներ:
Միջոցառման ընթացքում Իրմա Գապաքյան-Դեդեյանը ասմունքեց Սևակի գրական գոհարներից մի քանիսը, Գևորգ Քեշիշյանը սրինգով նվագեց հայկական մեղեդիներ:
Բոլոր ներկաներին բաժանվեցին Պարույր Սևակի բանաստեղծությունների հատընտիրից օրինակներ:


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր