Իրադարձություններ

ՀՀ անկախության վերականգնման և Արցախ անկախության 25-ամյա հոբելյանների տոնակատարություն

02.10.2016

Կից լուսանկարներ

ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնակատարություն

ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակի տոնակատարություն

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՅԴ Լիբանանի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի Բուրջ Համուդ արվարձանում տեղի ունեցավ ՀՀ անկախության վերականգնման և ԼՂՀ հիմնադրման 25-ամյակներին նվիրված ժողովրդական հանդիսություն:
Երեկոյի բանախոսներն էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Դեսպան Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայոց պատմության և տարբեր դարաշրջանների պետականության կարևորագույն հանգրվաններին: Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր պետականությունը ձեռք է բերել կամ վերականգնել շնորհիվ ազգային ազատագրական պայքարի և անկախ ապրելու անկոտրուն կամքի՝ հատկապես վկայակոչելով Արցախի ազատամարտը: Կարևորելով այդ հանգրվաններից յուրաքանչյուրի խորհուրդն ու նշանակությունը հայ ժողովրդի անցած ուղում և հատկապես հղում կատարելով 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը, դեսպան Մկրտչյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց պետականության գաղափարի անանցանելիության, հայապահպանության գործում նրա առանցքային դերակատարության վրա: Նա նշեց, որ քառորդ դար առաջ երիտասարդ երկու հայկական անկախ հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը դեռևս պահպանվում է և պահանջվում են հայ ժողովրդի հավաքական ջանքերը դրանք հաջողությամբ հաղթահարելու համար: Դեսպանը խոսեց անցած 25 տարիներին հետահայացք նետելու, ձեռք բերված հաջողությունները գնահատելու և թերացումները վեր հանելու անհրաժեշտության մասին՝ ապահովելու հայկական պետականության հարատև ընթացքը և անշրջելիությունը:
Սամվել Մկրտչյանը շեշտեց հայ ժողովրդի միասնական լինելու պարագայում այդ խնդրի իրագործելիությունը՝ վերհիշելով 1988թ. միասնական ոգին, ինչը վերստին նկատվեց մեր ժողովրդի բոլոր հատվածների մոտ ընթացիկ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Իր ելույթի վերջնամասում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ լիբանանահայությանը՝ նկատելով, որ ՀՀ անկախության սկզբից ի վեր լիբանանահայ համայնքը միշտ եղել և շարունակում է մնալ մեր անկախ պետականության հզորացման և Արցախի անվտանգության ապահովման առաջամարտիկներից մեկը, որը բազմիցս արտահայտվել է ցուցաբերված տարաբնույթ օժանդակություններով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Ռուստամյանի ելույթից հետո ներկաներին իր խոսքը փոխանցեց Երևանից տիկնոջ հետ Լիբանան ժամանած քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Անդրանիկ Զոհրաբյանի հայրը:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր